Տեղի է ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշել է հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից, միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարել է Երևանի պետական համալսարանի օրհներգը՝ ազդարարելով միջոցառման մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր նիստը նշանավորել է ֆակուլտետի երկարատև և հաջողակ պատմությունը: Այս իրադարձությունը միավորել է ուսանողներին, դասախոսներին և շրջանավարտներին, ոլորտի հաջողակներին, որոնք խոսել են ֆակուլտետի ձեռքբերումների, մրցունակ մասնագետների և ապագա հեռանկարների մասին:

Հոբելյանական նիստի պաշտոնական բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կարևորելով տնտեսագիտական կրթության դերը՝ նա ասել է. «ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, որը հիմնադրվել է 1934 թվականին, այսօր համալսարանի անբաժանելի ու կարևորագույն բաղադրիչներից է՝ որպես մասնագիտական ու գիտական հզոր կենտրոն։ 90 տարի շարունակ ֆակուլտետը կրթել է հազարավոր ուսանողների՝ նրանց փոխանցելով մասնագիտական արժեքներ և պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնք իրենց արհեստավարժությամբ կարևոր ներդրում են ունենում ինչպես մեր երկրի, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման գործում։ Հոբելյանական այս տարին հրաշալի առիթ է վերարժևորելու մեր անցած ուղին, հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրական աշխատանքով նպաստել են ֆակուլտետի զարգացմանը»։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, արձանագրելով ֆակուլտետի գրանցած հաջողությունները, նշել է, որ օրը պատմական է։ 

«Վստահաբար կարելի է ասել, որ անցած 90 տարիները եղել են բազում մարտահրավերների, միևնույն ժամանակ՝ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ։ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթությունը ձևավորվել է 1920-ականների սկզբից՝ մայր բուհի հիմնադրման առաջին տարիներից։ 1934 թվականին, երբ համալսարանում հիմնադրվեց առանձին ֆակուլտետ, Հայաստանը բավական բարդ ժամանակաշրջան էր ապրում։ Մարտահրավերներով լի այդ տարիներին ֆակուլտետը դարձավ տնտեսագիտական մտքի ձևավորման, տարածման և զարգացման հիմնական օջախը։ Մինչ օրս ֆակուլտետը պատվով և բարձր մակարդակով է իրականացնում տնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման իր առաքելությունը»,- ընդգծել է Խաչատրյանը և հավելել, որ իրենք պատրաստ են նոր մարտահրավերների, նոր նվաճումների և նոր հաջողությունների: 

1934 թվականից ի վեր՝ ֆակուլտետը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք, դառնալով փորձառու մասնագետներ, աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում: Ֆակուլտետի շրջանավարտներից է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ կրթությունը հասարակության հիմքն է, նորարարության, առաջնորդության և զարգացման համար ճանապարհ հարթող երաշխիքը։ 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել Բիբլոս Բանկ Արմենիան որպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ։ 90 տարվա ընթացքում ֆակուլտետը եղել է Հայաստանի տնտեսագիտական կրթության կարևորագույն կենտրոն, պատրաստել է պետական գործիչներ, բիզնես առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք առանցքային դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Նշեմ նաև, որ Բիբլոս Բանկ Արմենիայի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համագործակցությունը շնորհակալություն հայտնելու և ստացած գիտելիքն ու անձնական հաջողությունները ինչ-որ կերպ «վերադարձնելու» փորձ է, ինչը, հույս ունենք, կնպաստի ապագա սերունդների համար ավելի լայն հնարավորությունների ստեղծմանը»,- նշել է Հայկ Ստեփանյանը՝ կարևորելով անկախ Հայաստանի տնտեսության կայացման գործում ֆակուլտետի ունեցած դերակատարումը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա տասնամյակները նույնպես արգասաբեր են լինելու ֆակուլտետի համար։ 

Նշենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։ Բանկի և մյուս բոլոր գործընկերների համատեղ ջանքերով հնարավոր է դարձել անցկացնել ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումները։

Միջոցառումների կազմակերպմանը մեծապես աջակցել են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

90 տարվա ուղի, 90 տարվա հարուստ պատմություն. ներկաները դիտել են ֆակուլտետի կարևոր ձեռքբերումների և շրջանավարտների մասին նկարահանված տեսաֆիլմը, որը նվիրվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90 և վերաբացման 40-ամյակներին։

Գործունեության ողջ ընթացքում ֆակուլտետը հաջողությամբ կատարել է իր հանձնառությունը. ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ՀՀ պետական պարգևների և մասնագիտական ոլորտում պատվավոր կոչումների արժանացած վաստակավոր դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների մասնագետներ, մեծանուն գիտնականներ։ 

Երևանի պետական համալսարանի ռեկտորը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի առթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով, ԵՊՀ արծաթե և ոսկե մեդալներով պարգևատրել է պրոֆեսորների, դոցենտների, դոկտորների՝ Երևանի պետական համալսարանում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին աջակցելու համար շնորհակալագրեր և 90-ամյակի խորհրդանշական հուշանվեր է հանձնել գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ֆակուլտետի հետ երկարամյա արդյունավետ աշխատանքի և գիտակրթական նախաձեռնություններին մեծապես աջակցելու համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Հոբելյանական երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես են եկել երգչուհի Արփին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը։ 

Միջոցառման ավարտին մասնակիցները խոստացել են շարունակել ավանդույթը և հանդիպել 10 տարի անց՝ ֆակուլտետի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին՝ նոր ձեռքբերումներով, նոր ծրագրերով։ 

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան