Եվրոպա

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագրում, ըստ նախնական տվյալների, հանդիպումներ են լինելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով. նրա ներկայիս այցն ի սկզբանե գաղտնի էր պահվում անվտանգության նկատառումներով: Սա արդեն Բերբոքի ութերորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինա էր ժամանել 2024 թ. մայիսին։

«Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին։ Մենք ուկրաինացիներին կաջակցենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր նրանք կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի արդար խաղաղություն», - Կիև ժամանելուց հետո ասել է Բերբոքը։

Նրա այցը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ Բացի այդ, Բերբոքի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, որոնց ելքը շատ կարևոր է Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկրճատի Ուկրաինային օգնությունը, ինչն, ըստ Deutsche Welle-ի, նշանակում է, որ Գերմանիան և եվրոպական մյուս երկրներն ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն Ուկրաինային աջակցելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում