Մշակույթ

Կոմիքսներով հնարավոր է պատմել իրական կյանքի մասին. գրաֆիկական նովելիստ Ռայնհարդ Կլայստը ներկայացրեց իր գրքի հայերեն հրատարակությունը

7 րոպեի ընթերցում

Կոմիքսներով հնարավոր է պատմել իրական կյանքի մասին. գրաֆիկական նովելիստ Ռայնհարդ Կլայստը ներկայացրեց իր գրքի հայերեն հրատարակությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր գրաֆիկական նովելիստ Ռայնհարդ Կլայստը սիրում է պատկերապատումների միջոցով արտահայտիչ վիզուալ պատմություններ պատմել։ Կլայստը, որի «Ջոնի Քեշ․ ես տեսնում եմ խավար» և «Օլիմպիական երազանքը» կոմիքսներն արժանացել են մի շարք մրցանակների, «ՌեԱ» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան։ 

Նա ոչ միայն երկօրյա աշխատարան անցկացրեց ոլորտի ներկայացուցիչների և պատկերապատման արվեստի սիրահարների հետ, այլև ReA Comics Art ցուցահանդեսին հանրությանը ներկայացրեց իր «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» գրքի հայերեն հրատարակությունը։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել ցուցադրության բացմանն ու բաց չի թողել արվեստագետի հետ զրուցելու հնարավորությունը։ 

-Պարոն Կլայստ, Ձեր աշխատանքները վառ են, պայծառ, տպավորիչ և անդրադառնում են տարբեր թեմաների։ Ինչո՞ւ է հենց Հերցկո Հաֆթը դարձել Ձեր այս նովելի հերոսը։  

-Սիրում եմ մարդկանց կենսագրությունների հիման վրա պատմությունները։ Հիմնականում երկու թեմաների շուրջ եմ ստեղծագործում. պատկերապատումներով անդրադառնում եմ երաժիշտների, ինչն իմ սիրած գործն է, ինչից մեծ բավականություն եմ ստանում՝ Դեյվիդ Բոուի, Ջոնի Քեշ, Նիկ Քեյվ, չեմ մոռանում նաև սպորտսմեններին։ Ունեմ շարքեր, որոնց միջոցով խոսում եմ սպորտի մասին՝ բարձրաձայնելով սոցիալական, քաղաքական հարցեր։ Արդեն գրել եմ երկու բռնցքամարտիկի և Սոմալիից մի վազորդի մասին։ 

Բռնցքամարտիկ Հերցկո Հաֆթի պատմությամբ շոշափում եմ Հոլոքոստի թեման, պատմում, թե ինչպես է նա կենդանի մնում համակենտրոնացման ճամբարում բռնցքամարտի միջոցով։ Գիրքը ներկայացնում է նրա կյանքի պատմությունը, երբ վերջինս հայտնվում է Ամերիկայում՝ փորձելով ապրել սպորտի շնորհիվ։ Հերցկո Հաֆթն իրականում այնքան էլ լավ կերպար չէ։ Նա բազմաթիվ մեղքեր էր գործել, այնքան էլ լավ հարաբերութուններ չուներ իր ընտանիքի, ընկերների հետ։ Երբ իմանում ես, թե ինչի միջով է անցել, չես դատում։ Շուրջ քառասուն տարի որևէ մեկին չի ասել, թե ինչ դժվար կյանք է ունեցել։ Գրքի վերջին էջում նրա երկխոսությունն է որդու հետ։ 

-Իսկ ինչպե՞ս է պատահել, որ այդ պատմությունը Ձեզ է հասել։ Հերցկո Հաֆթին  հանդիպե՞լ եք։

-Նրա կենսագրական գիրքը գտել եմ գրախանութներից մեկում։ Երբ տեսա, որ այն առնչվում է սպորտին և Հոլոքոստին, հետաքրքրությունս շարժվեց։ Կապ հաստատեցի հրատարակչության, հետո՝ բռնցքամարտիկի որդու հետ, որը գրքի հեղինակն է։ Պարզվեց՝ Հերցկո Հաֆթը գրքի հրատարակումից կարճ ժամանակ անց մահացել է։

-Կարևորը՝ Ձեր միջոցով այդ հուզիչ պատմությունը նաև մեզ է հասել։ Պարոն Կլայստ, կարո՞ղ ենք ասել, որ կոմիքսը հատկապես մեր օրերում արդիական խնդիրներն ավելի մատչելի լեզվով մատուցելու լավագույն ձևերից է։ 

-Իմ գրքերը հրատարակելուց հետո բազմաթիվ ելույթներ, պրեզենտացիաներ եմ անցկացնում դպրոցներում։ Բռնցքամարտիկի և Սոմալիից վազորդի պարագայում ևս այդպես եմ վարվել։ Երեխաները շատ տարբեր կերպ են արձագանքում պատմություններին, պատկերներին։ Երբ դպրոցներում ցույց եմ տալիս բռնցքամարտիկների լուսանկարները, այնուհետև պատկերները, և երեխաները գիտակցում են, որ պատկերում նույն մարդն է, ավելի են հետաքրքրվում պատմություններով։ Նրանք ապրումակցում են հերոսներին, երբեմն անսպասելի հարցեր են տալիս։ Դա ոգևորում է։

-Ձեր երկրում ո՞ր տարիքային խումբն է շատ հետաքրքրվում  պատկերապատումներով, սպառողն ո՞վ է։

-Քսան տարվա ընթացքում լսարանը շատ է փոխվել։ Երբ սկսեցի պատկերապատումների գրքեր հրատարակել, շատերն ասում էին, որ կոմիքսները երեխաների համար են, բայց ես ցանկանում էի ավելի լուրջ լսարան գտնել։ Դա բավականին դժվար էր։ Հետո Գերմանիա թափանցեց գրաֆիկական նովելների ալիքը, այն շատ գովազդվեց հրատարակչությունների կողմից, և մարդիկ գիտակցեցին, որ կոմիքսներով հնարավոր է պատմել իրական կյանքի մասին, սոցիալական, պատմական թեմաներ արծարծել։ Շատ բան է կախված հանրայնացումից։

-Երբ կարդում ես որևէ հեղինակի մի քանի գիրք, հեշտությամբ ես ճանաչում նրա ձեռագիրը։ Որո՞նք են Ձեր ձեռագրի յուրահատկությունները։ Կա՞ն լուծումներ, որոնց մշտապես դիմում եք՝ անկախ թեմայից։

-Կան նկարիչներ, որոնց իսկապես շատ եմ հավանում և անմիջապես ճանաչում եմ նրանց աշխատանքները։ Ճանաչում ես նկարելու ձևից, անգամ գծերից, օգտագործված երանգներից։  Դժվարանում եմ ասել, թե որն է իմ ոճը, քանի որ բավականին հաճախ եմ այն փոխում։ Այն ձևը, որով նկարում եմ, մեծապես կախած է թեմայից, որի մասին ցանկանում եմ խոսել իմ պատկերապատումների միջոցով։ Բռնցքամարտիկի մասին գիրքը ստեղծելիս՝ շատ եմ ոգեշնչվել Ուիլ Այսներից, որն իմ հերոսներից մեկն է։ Փորձում էի նմանակել նրան, կոշտ էի նկարում։ Նրա ոճը շատ կոշտ է, գծերը գեղեցիկ են, ընդգծված են։ Նիկ Քեյվի մասին գրքի պարագայում ավելի վայրի գույների, արտահայտչամիջոցների էի դիմում։ 

-Նշեցիք, որ երեք պատկերագրքի հեղինակ եք։ Ձեր կոմիքսների հիման վրա երբևէ անիմացիոն ֆիլմ նկարահանվե՞լ է։ 

-Իմ գրքերից մեկի հիման վրա Disney Plus-ը սերիալ է նկարահանել։ Այն Բեռլինում ապրող վամպիրների մասին է. շատ հին նախագիծ է։ Այնքան բան են սյուժեում փոխել, որ վերջնական տարբերակում գրեթե ոչինչ չկա իմ արածից, ուղղակի իմ գաղափարն են օգտագործել, բայց ես դժգոհ չեմ։ Շատ կցանկանամ, որ գրքերիցս որևէ մեկն էկրանավորվի, անիմացիոն ֆիլմ դառնա։ Վստահ չեմ, որ վամպիրների մասին սերիալը հնարավոր կլիներ այնպես ներկայացնել, ինչպես ես էի նկարել, քանի որ յուրաքանչյուր ժանր՝ անիմացիա, խաղարկային կինո և այլն, իր առանձնահատկություններն ունի և նոր հնարավորություններ է բացում, գուցե, անիմացիան թույլ տա ներկայացնել իմ կոմիքսների կոպտությունը, խստությունը։

Ի դեպ, այս ընթացքում շրջել եմ Երևանում, որտեղ հրաշալի շինություններ եմ տեսել, նկարել եմ դրանցից մի քանիսն ու պահի տպավորությունները թղթին հանձնել։ Շատ հավանել եմ Ձեր քաղաքը, որտեղ տարբեր ոճերի ճարտարապետական շենքեր կան։   Կարծում եմ՝ այս քաղաքում շատ բան է կատարվում, ինչը չես նկատում, երբ պարզապես շրջում ես, իսկ երբ հայտնվում ես շենքերի բակերում, շատ բան ես տեսնում։ Անգամ թաքնված գեղեցիկ սրճարաններ եմ հայտնաբերել, որոնք հնարավոր չէ գտնել առանց փնտրելու։ Այստեղ բացահայտելու շատ բան կա։

-Շնորհակալ եմ, պարոն Կլայստ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ուրախ եմ, որ սիրել եք Երևանը։ Վստահ եմ՝ քաղաքն էլ Ձեզ է սիրել։

-Ես եմ շնորհակալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում