Հայաստան

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը

4 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին:

«Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա աջակիցն են: Սա կարեւոր եւ անկյունաքարային հարց է, քանի որ հանրության շահերը ներկայացնելիս պետք է հաշվի առնենք՝ կանայք են, որ լավագույնս տիրապետում են իրենց իրավունքներին եւ իրենց վերաբերող խոցելի հարցերին ու որոշում ընդունող մարմիններում պետք է ներգրավված լինեն, որոշումներ ընդունեն»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը: 

Այս համատեքստում նա վկայակոչել է նաեւ պետական համակարգում կանանց դերի բարձրացմանն ուղղված դրական քայլերն ու հավելել. 

«Չնայած մեր օրենսդրությամբ քվոտավորումը 30 տոկոսին է վերաբերում, բայց Հայաստանի խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 35 տոկոսից ավելի է»:

Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ բանակցային գործընթացներում կանանց ներգրավվածությանը: 

«Խնդիրը ոչ միայն բուն բանակցային գործընթացին կանանց ներկայությունն է, որը շատ արժեւորում եմ, այլ այդ խաղաղության գործընթացում նրանց կարծիքի արտահայտման հնարավորությունն ու դրա ազդեցության կարեւորությունը»,- կարծիք է հայտնել Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալը խնդիրների շարքում ընդգծել է կանանց կրթության, առաջնորդություն ու պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունների սահմանափակության հարցերը, հաճախ նաեւ նրանց նկատմամբ հասարակության՝ վարքագծային փոփոխությունների մղող վերաբերմունքը:

Չժխտելով ոլորտում խնդիրների առկայությունը՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է նաեւ էական առաջընթացը: Նրա խոսքով՝ կանանց դերի բարձրացմանն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը նպաստելու են խոսքի ու տեղեկատվական դաշտի ազատությունը, ազատ մամուլը, սոցիալական ցանցերը, տեխնոլոգիական առաջընթացը:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նրանք եւս տեսակետներ են հայտնել խաղաղության եւ անվտանգության գործընթացում կանանց մասնակցության խոչընդոտների եւ դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Սոնա Ղազարյանը, մասնավորապես, խոսել է կանանց տնտեսական եւ քաղաքական առաջխաղացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, քաղաքական գործընթացներում երիտասարդ կանանց մասնակցության ապահովման խթանման կարեւորության մասին: Նա եւս արժեւորել է խաղաղությանն ուղղված բանակցություններում կանանց դիրքորոշումը, ինչպես նաեւ բարձր է գնահատել նրանց ակտիվ գործունեությունը խորհրդարանական դիվանագիտության հարթակում:

Աննա Գրիգորյանի գնահատմամբ եւս, եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեին այդ բանակցություններում, առաջընթացն այդ հարցում ավելին կլիներ: Պատգամավորն անդրադարձել է բարեփոխումների, քաղաքական որոշումների կայացման ու անվտանգության հարցում կանանց ունեցած ազդեցությանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում