Տնտեսություն

ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության գործընկերների հետ քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հոկտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բանախոսը, նկատելով, որ գնաճն անդրադառնում է երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքներին, նշեց՝ եթե հաջողվի կառավարել 3 տոկոսանոց գնաճը, ապա կհաջողվի ստեղծել մի միջավայր, որում ԿԲ-ն կփորձի նվազեցնել բարձր տոկոսադրույքների հետ կապված ծախսերը: Դա, ըստ Գալստյանի, նպատակներից մեկն է: 

Շարունակելով միտքը՝ ԿԲ նախագահը նշեց. «Կարծում ենք՝ մեր հասունության մակարդակը ու վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ արդեն պետք է խաղանք այլ լիգայում՝ ուրիշ խաղացողների հետ և առերեսվենք ուրիշ՝ ավելի բարդ խնդիրների: Մենք պատրաստ ենք ստանձնել այդ մարտահրավերը: Մի բան է կառավարել 2-3 տոկոսանոց գնաճը, մեկ այլ բան՝ 4-5 տոկոսանոց գնաճը: Այստեղ քո խաղալու հնարավորությունը փոքր-ինչ ավելի լայն է»: 

Մարտին  Գալստյանը հայտնեց, որ ներկայում ԿԲ թիմն այդ թեմայով մասնագիտական քննարկումներ է անցկացնում կառավարության գործընկերների, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում