ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության ներկայացուցիչներ հետ քննարկում է գնաճի նոր թիրախ սահմանելու հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Նա վերահաստատեց՝ ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի հետևողական քաղաքականությունը՝ պահանջարկի կարգավորման և գնաճի ու գնաճային սպասումների խարսխման ուղղությամբ:
«Մենք կառավարության գործընկերների հետ նաև սկսել ենք քննարկումներ՝ գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ: Մեր առաջարկը գնաճի թիրախը նվազեցնելն է մինչև 3 տոկոս, որն ավելի համահունչ է զարգացած երկրների և արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնող երկրների ստրատեգիաներին»,-ասաց Մարտին Գալստյանը:
Գնաճի թիրախային ցուցանիշն այժմ 4 տոկոսն է: