Հրշեջները մարել են Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող հացի փռի հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։31-ին։