Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածները՝ դրանք անվանելով Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների ու նորմերի խախտում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարձակումները, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունը և միջազգային օրենքները։

Թագավորությունը նաև հաստատում է իր անսասան դիրքորոշումը տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի և հակամարտության ընդլայնման մերժման հարցում, որը սպառնում է տարածաշրջանի երկրների և մարդկանց անվտանգությանն ու կայունությանը», - նշված է գրառման մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը հակամարտող կողմերին նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետևանքների մասին։

Բացի այդ, Էր Ռիադը միջազգային հանրությանն ու ազդեցիկ և ակտիվ կողմերին կոչ է արել իրացնել իրենց դերն ու պատասխանատվությունը՝ տարածաշրջանում հակամարտություններին վերջ տալու և էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։

Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ 

«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

 

 

Հայերեն فارسی Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ