Իրան

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

3 րոպեի ընթերցում

Սաուդյան  Արաբիան դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածները՝ դրանք անվանելով Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների ու նորմերի խախտում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարձակումները, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունը և միջազգային օրենքները։

Թագավորությունը նաև հաստատում է իր անսասան դիրքորոշումը տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի և հակամարտության ընդլայնման մերժման հարցում, որը սպառնում է տարածաշրջանի երկրների և մարդկանց անվտանգությանն ու կայունությանը», - նշված է գրառման մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը հակամարտող կողմերին նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետևանքների մասին։

Բացի այդ, Էր Ռիադը միջազգային հանրությանն ու ազդեցիկ և ակտիվ կողմերին կոչ է արել իրացնել իրենց դերն ու պատասխանատվությունը՝ տարածաշրջանում հակամարտություններին վերջ տալու և էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։

Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ 

«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում