ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական իրազեկ աղբյուրները հերքել են երկրի 20 կետերին հարվածներ հասցնելու մասին Իսրայելի հայտարարությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ իրանական իրազեկ աղբյուրները հայտարարել են, որ իսրայելական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ թիրախների թիվն ավելի քիչ է եղել, քան նշվում է։
Աղբյուրը նաև հաղորդվում է, որ իսրայելական ուժերի գործողություններն իրականացվել են Իրանի սահմանից դուրս և սահմանափակ վնասներ են պատճառել։
«Այն լուրերը, թե իբր 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ մասնակցել են հարվածին, ևս ամբողջովին սուտ են, քանի որ Իսրայելը փորձում է գերագնահատել իր թույլ հարձակումը», - հավելել է աղբյուրը:
Աղբյուրը նաև հաստատել է ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կենտրոններից ոչ մեկը չի թիրախավորվել։
Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։
«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։