Իրան

ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ ներմուծելու փորձը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան  առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ  ծխախոտ ներմուծելու փորձը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից տվյալներ էին  ստացել առ այն, որ  Իրանից Հայաստանի տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում, նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է  առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ  ծխախոտ։ 

ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն, քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող  68,500 տուփ ծխախոտը և  բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն  ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում