Մերձավոր Արևելք

Ֆրանսիան և Գերմանիան ֆինանսական օգնություն կհատկացնեն Լիբանանին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Գերմանիան ֆինանսական օգնություն կհատկացնեն Լիբանանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտադիր է 100 միլիոն եվրո հատկացնել լիբանանցի ժողովրդին օգնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Լիբանանի աջակցության միջազգային համաժողովում։

«ՄԱԿ-ը կոչ է արել 426 միլիոն եվրո տրամադրել Լիբանանին: Ֆրանսիան կտրամադրի 100 միլիոն եվրո», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է X սոցիալական հարթակում Ելիսեյան պալատի էջում։

Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան «իր ավանդը կներդնի լիբանանյան բանակի մատակարարման գործում»։ Բացի այդ, նախագահի խոսքով, Փարիզը ողջունում է Լիբանանի զինված ուժերում հավելյալ 6000 զինծառայողներ հավաքագրելու ծրագիրը։

Մակրոնը կոչ է արել «շուտափույթ դադարեցնել կրակը և  բոլոր փախստականներին հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները»: 

«Ես ցավում եմ, որ Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները Լիբանանում` երկրի հարավում, Բեյրութում և նրա սահմաններից դուրս, մինչ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է։ Անհրաժեշտ է նաև, որ «Հեզբոլլահ»-ը դադարեցնի իր գրոհներն Իսրայելի դեմ՝ ինչ պատրվակով էլ որ լինի», - ասել է նա: 

Լիբանանին օգնության մասին են հայտարարել նաև Գերմանիայի իշխանությունները: Ըստ Al Arabiya-ի՝ Փարիզում Լիբանանին նվիրված խորհրդաժողովից առաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան Լիբանանին կտրամադրի լրացուցիչ 96 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության և զարգացման նպատակներով: 

Փարիզում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիան հույս ունի հանգանակել շուրջ 500 միլիոն եվրո՝ Լիբանանին հումանիտար օգնության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում