Իրան

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասնպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում են շուկայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, մաքսային մարմինը շարունակաբար իրականացնում է հսկողություն` նման եղանակով վառելիքի ներմուծումը կանխարգելելու ուղղությամբ: Օրինակ, միայն 2024 թ. հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ի հատվածում իրականացված հսկողության արդյունքում բեռնատարներից հավաքվել է ավելի քան 10 տոննա վառելիք:

«Վարորդների նման վարքագծի արդյունքում իրականացվող մաքսային վարչարարությունն էականորեն ազդում է «Ագարակ» անցման կետից բեռնատարների թողունակության վրա: Այլ կերպ ասած` նման հսկողությունը հանգեցնում է ավելի քիչ քանակով բեռնատարների բացթողնմանը և հերթերի գոյացմանը: 

Կոմիտեն խնդրի վերաբերյալ տեղեկացրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմիններին` «Նորդուզ» անցման կետում նշված երևույթի նկատմամբ նույնպես հսկողություն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է բեռնատարների վարորդներին, փոխադրողներին, բեռներ ստացող տնտեսվարողներին՝ ձեռնարկել միջոցներ նման եղանակով վառելիքի ներմուծումը բացառելու ուղղությամբ, քանի որ այն մի կողմից օրինական չէ, իսկ մյուս կողմից` դրա նկատմամբ շարունակական ուժեղացված մաքսային հսկողությունը բացասաբար է ազդելու «Ագարակ» անցման կետի թողունակության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում