ԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը
2 րոպեի ընթերցում
![ԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/17/xVMMLe1yLUs63qyEdH5kVzFgqIqHjggYWrgZktVv.webp)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։
Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1.5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում։