Հայաստանի համար գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլև ազգային անվտանգություն, կենսունակություն և կայուն զարգացում. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ կանգնած Հայաստանի համար գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։  

«Քանի որ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:

Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արեւային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: 

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման եւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: 

«Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչեւ բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլեւ ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:

Կարեւոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, եւ մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:

Գիտությունն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները»,- հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը: 

 

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին