Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր»,- գրել է Պապիկյանը։