WCIT2024/DigiTec-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում անցկացված Ներդրողների տուրը հաջողություններ է գրանցել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվել է Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկրներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ է անցկացվել, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն է ընձեռել  բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ և շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին Հայաստանում եղան հատուկ ծրագրով. նրանք այցելել են համաժողովի տարածք, ԴիջիԹեք էքսպո, տեղում ծանոթացել Հայաստանի ստարտափների էկոհամակարգին։

«WCIT2024/DigiTec-ը, ԴիջիԹեք էսպոն և նմանօրինակ միջոցառումները հնարավորություններ են ստեղծում միջազգային ներդրողներին ներկայացնելու տեղի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Համագործակցելով BANA Angels-ի հետ՝ մենք կարողացանք հնարավորինս մոտեցնել ներդրողներին ստարտափներին, ներկայացնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգն ու զարգացումները, հեռանկարային կապեր հաստատել ու ծրագրեր նախագծել։ Համոզված եմ, որ էկոհամակարգի հետագա զարգացման համար այսպիսի տուրեր պետք է հաճախ կազմակերպվեն և բացառապես նման բարձր որակով»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ներդրողները հնարավորություն են ունեցել այցելելու Հայաստանի յունիքորն ստարտափներից (Unicorn startup) մի քանիսին և ուսումնասիրելու տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը:

«Ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակահատվածում ունեցանք նման մեծ հետաքրքրվածություն մեր միջազգային գործընկերիներից, որոնք մեծ ցանկություն հայտնեցին այցելելու Հայաստան, ծանոթանալու տեղի ստարտափների էկոհամակարգին և ստեղծելու նոր կապեր։ Ներդրողների տուրը հաջողված էր, այն անցավ շատ դրական աշխատանքային մթնոլորտում, արդեն ունենք որոշակի հետաքրքրություն խորացնելու համագործակցությունը մի քանի ուղղություններով և ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»,- ասել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Միջազգային ներդրողների հետ համագործակցությունը կարող է էականորեն բարձրացնել հայկական ստարտափների ճանաչումը համաշխարհային մակարդակում՝ խթանելով նորարարությունը և նոր գործընկերությունների ձևավորումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց գործունեության աշխարհագրությունը, այլև կապահովի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ ստեղծելով կայուն տնտեսական զարգացում ՏՏ ոլորտում։

Ներդրողների տուրի շրջանակներում անցկացվել է նաև արտերկրից ժամանած ներդրողների և ֆոնդերի կառավարիչների համար LP/GP ներդրումային միջոցառումը, որը հնարավորություն է տալիս գործընկերներին հանդիպել, քննարկել ֆոնդի գործունեությունը, ներդրումային հնարավորությունները և ռազմավարությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը և կառուցել երկարաժամկետ հարաբերություններ։

Միջոցառմանը ներկայացվել են հայկական վենչուրային կապիտալով (Venture Capital, (VC),  ընկերությունները, տեղի է ունեցել Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, հայկական ստարտափների և էկոհամակարգի մասին շնորհանդես: LP/GP միջոցառումը նախաձեռնել էին հայկական Formula VC-ին, Granatus Ventures-ը և Big Story VC-ին։

Մասնավորապես, Formula VC-ն, Granatus Ventures-ը և Big Story VC-ն պատմել են իրենց  ներդրումային ռազմավարությունների, պորտֆելների կարևորագույն մասնակիցների և ապագայի տեսլականների մասին:

Շնորհանդեսներին հաջորդել է Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, ուր ներկայացվել են միջազգային ներդրողների պատկերացումները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում ներդրումների ներուժի և մարտահրավերների վերաբերյալ: 10 հայկական ստարտափներ իրականացրել են փիչինգ և անհատական հանդիպումներ են ունեցել ներդրողների հետ։

«Հայաստանն արագորեն դառնում է տեխնոլոգիաների և նորարարության կենտրոն, և այս միջոցառումը վկայում է այն առաջընթացի մասին, որը մենք գրանցում ենք։ Այս միջոցառման շրջանակում մենք ցուցադրեցինք հայկական ստարտափների ներուժը և կապեր ստեղծեցինք հայ նորարարների և միջազգային ներդրողների միջև։ Վստահ եմ, որ այս իրադարձությունը հետագայում շատ լավ արդյունքներ կգրանցի»,- նշել է Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի է ունեցել տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվել է նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ «Մտքի ուժը. արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։

 

Հայերեն English