Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է բարեկամական խմբի ղեկավարին և վերահաստատել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում: 

«Որպես համագործակցության փորձ՝ կողմերը հատկապես անդրադարձել են «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին, որի շրջանակում հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությամբ՝ անդրադառնալով «Թումո», COAF-ի SMART կենտրոններին, «Արմաթ» լաբորատորիաներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստակամ է կիսվելու իր փորձառությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում փոխհամագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև հայագիտությունը Հունգարիայի համալսարաններում և հունգարական մշակույթն ու հունգարերենը Հայաստանում ներդնելու հեռանկարները:

Հունգարական կողմը կարևորել է նաև Հունգարիայում հայ համայնքի դերը թե՛ հայկական, թե՛ հունգարական մշակույթը տարածելու և ճանաչելի դարձնելու գործում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում