Երևան

Քննարկվել են Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ առաջարկները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: 

«Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և մայրաքաղաքի հիմնական միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը։ Ուստի շատ եմ կարևորում բոլորիդ կարծիքը և առաջարկությունները, որոնք ընդգրկվելու են նախագծում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել Երևանի փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանները, «բեռնաթափել» կենտրոնը, կարգավորել կառուցապատման խտությունը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մանրամասնել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների, կանաչ գոտիների պահպանմանը, վարչական շրջանների համաչափ զարգացմանը, կառուցապատման ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկմանը։ Հստակեցվում են սահմանափակումները, ծրագրերի համաձայնեցման ընթացակարգերը, ապահովվում է կապը գլխավոր հատակագծի և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի հետ։

Քաղաքաշինական խորհրդի անդամները կարևորել են նախագծի օր առաջ հաստատումը։ Նրանք ներկայացնելու են իրենց առաջարկները, որոնց հիման վրա լրամշակված նախագիծն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր կառույցներին, ինչպես նաև դրվելու է հանրային քննարկման։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում