Կրթություն

Ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կմասնակցեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

Ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կմասնակցեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը փոփոխությունն է իրականացնում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 10-ին նիստին նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2021 թվականից փորձնական կարգով և 2024 թվականին չորրորդ անգամ պետք է իրականացվի ուսուցիչների կամավոր ատեստավորումը։

«Ամեն տարի մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում բարելավվելու թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը, թե մնացած ատեստավորման գործընթացի հետ կապված բաղադրիչները։ Մեզ համար լուրջ խնդիր էր, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվում էր թղթային եղանակով, ինչը բազմաթիվ բարդություններ և նաև ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար։

Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան կամավոր ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս մեխանիզմով կկարողանան էապես կրճատել ժամանակը։

Նախարարի խոսքով՝ նախագծով նկարագրվել է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման անցկացման ընթացակարգը։

«Ուսուցիչը թեստ լրացնելուց հետո հնարավորություն կունենա միանգամից տեսնի իր արդյունքը և այդ պահին իր համար պարզ կլինի ճիշտ և սխալ պատասխանները,»-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում