FAST հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի աշխարհագրությունը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) նպատակ ունի Հայաստանում ընդլայնել «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագրի աշխարհագրությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology) շահառուների համակարգող Լուսինե Մադոյանը նշեց, որ կրթական ծրագիրն արդեն իսկ ներդրվել է Հայաստանի 15 ավագ դպրոցներում, որոնցից 12-ը Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, իսկ 3-ը Երևանում։
«FAST հիմնադրամը 2023 թվականից սկսած իրականացնում է «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը, որը հանրակրթական ծրագրի մաս է կազմում և անվճար, հասանելի կրթություն է տրամադրում ավագ դպրոցի աշակերտներին։ Անցած տարի ամռանը ծրագրին մասնակցելու բաց մրցույթ հայտարարվեց հանրապետության բոլոր դպրոցների համար, որին հայտ ներկայացրած 47 դպրոցից ընտրվեց 15-ը՝ մաս կազմելով այս կրթական ծրագրին։ Ծրագրում ընդգրկվելու համար ներկայացված էին համապատասխան չափանիշներ, որոնք վերաբերում էին թե՛ անձնակազմին, թե՛ դպրոցի հոսքային կառուցվածքին, այսինքն՝ պարտադիր պետք է բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ աշակերտների բավարար թիվ, համապատասխան որակավորմամբ ուսուցիչների ներգրավվածություն լիներ։ Ծրագրի նպատակն արհեստական բանականության ուղղությամբ նորարարի, գիտնականի ճանապարհ հարթելն է, որպեսզի երեխաները կարողանան կրթությունը սկսելով դպրոցից, այնուհետև շարունակելով համալսարանում, համապատասխան լիարժեք կրթություն ստանալ, ինչպես նաև մեր նպատակն է ձևավորել հանրահաշվի, համակարգչային խորքային գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ԱԲ ոլորտում կայանալու համար»,-ներկայացրեց Մադոյանը՝ հավելելով, որ ներդրված ծրագիրն ամբողջությամբ պաշտոնապես երաշխավորված է։
Անդրադառնալով դասավանդողների հարցին՝ հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ուսուցիչները հիմնականում տվյալ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնագետներն են, ովքեր անցել են 1-ամյա համապատասխան վերապատրաստում FAST և ԱՅԲ հիմնադրամների համագործակցությամբ։
Բացի այդ, առկա կամ հեռավար ձևաչափով դասավանդում են նաև տեխնոլոգիական ոլորտում գործող համապատասխան մասնագետներ։
Մադոյանի գնահատմամբ՝ ծրագիրը բավականաչափ արդյունավետ է ներդրված ու պահանջված է դպրոցների կողմից։
«ԿԳՄՍ նախարարության հետ միասին քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի մյուս տարվանից սկսած՝ այն հասանելի լինի բոլոր մարզերի դպրոցների համար։ Պետք է աշխատենք այնպես անել, որ յուրաքանչյուր մարզում գոնե մեկ դպրոց ունենանք, որոնք ծրագիրը կիրականացնեն։ Դրա համար պետք է նաև դպրոցների շատ լուրջ մոտիվացիան, համապատասխան չափանիշների բավարարումը»,-ասաց նա։
Խոսելով ծրագրի առանձնահատկություններից՝ Մադոյանը դրա բացառիկությունը կարևորեց ամենազարգացող ուղղություններ համարվող արհեստական բանականության և Python ծրագրավորման վերաբերյալ բազային գիտելիքների ձևավորման տեսանկյունից։
«Մենք սովորեցնում ենք, հնարավորություն ենք ստեղծում աշակերտների համար՝ ճիշտ ճանաչելու ոլորտը և այն կիրառելու ի օգուտ գիտության, որպեսզի հետագայում նրանք կարողանան ունենալ այնպիսի բազային գիտելիքներ, ինչի շնորհիվ նրանք Հայաստանում նորություն կմտցնեն գիտության մեջ։ Մեր հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ ունենք այն պոտենցիալը, գիտելիքները, կարողությունները, որոնք զարգացնելով ու ճիշտ ուղղությամբ տանելով, կարող ենք հարթել ճանապարհ ԱԲ ոլորտի զարգացման համար»,-ընդհանրացրեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շահառուների համակարգողը։