Կրթություն

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

5 րոպեի ընթերցում

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների և ամփոփեց «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանում։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և այլք։

Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշեց, որ այս տարի Ուսուցչի միջազգային օրն անցկացվում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը. դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր խորագիր է, որն առաջին հերթին  բոլորիս ուղղորդում է լսել ձեզ, ճանաչել ձեր փորձը, հաշվի առնել մտահոգությունները, ձեր տեսլականը իրականացվող բոլոր բարեփոխումներին։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այս տարի մեկնարկեցինք ուսուցչական համաժողովների ձևաչափը, որոնք նպատակ ունեն առաջին հերթին լսելի դառնալու հարթակը տրամադրել ձեզ»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը հանրակրթության բարեփոխումների ինտենսիվ փուլում է, ինչն ուսուցիչներից պահանջում է ավելի մեծ ջանքերի գործադրում։

«Մենք պետք է ավելի նորարար և ստեղծագործ լինենք, ավելի ուշադիր և ավելի շատ ժամանակ տրամադրենք մեր ինքնակրթությանը։ Ուրախ եմ, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ հայտեր ենք ստացել ամսվա լավագույների շրջանակներում, իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնց ցույց էին տալիս, թե ինչ մեծ աշխատանք է կատարվում դպրոցներում»,-շեշտեց Անդրեասյանը։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շնորհավորեց ուսուցիչների օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց կատարած աշխատանքի համար։

«Հավատացած եղեք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ ձեր աշխատանքը ավելի գրավիչ լինի, ձեր աշխատանքի դիմաց սահմանված վարձատրությունը լինի շատ ավելին, քան այսօր։ Կցանկանամ նաև խնդրել, որ կատարեք ձեր այդ աշխատանքը և պարզապես սովորեցնեք երեխաներին ապրել և խնդիրները լուծել առանց ձեր օգնության»,-նշեց Գաբրիելյանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսի խոսքով՝ բոլոր ուսումնասիրությունները վկայում են, որ ամենակարևոր հարցը հետևյալն է, թե որքան լավ է աշխատում մանկավարժը դասարանում։

«Դա կախված է նրանից, թե ինչքան լավն են աշխատանքային պայմանները և երբեմն դրանք լավագույնը չեն, բայց դուք միշտ ունեք հնարավորություն հաջողություն ապահովելու դասարանում և շահագրգռելու սովորողին։ Կարծում եմ, որ այս ճանապարհին մեծ առաջընթաց է գրանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարությունն ունի կրթության ռազմավարություն և ամեն ինչ անում է, որ նոր ուսուցիչներ ներգրավվեն բնագավառում։ Մենք այս աշխատանքում  նախարարության գործընկերն ենք»,-ընդգծեց Հասսը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի համոզմամբ՝ ուսուցիչները շատ մեծ ազդեցություն ունեն երեխայի վրա։

«Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է կոնկրետ ուսուցիչների անուն առ անուն հիշել և հիշել նրանց մեր վրա ունեցած ազդեցությունը։ Ոմանց մենք հիշում ենք շատ ջերմ զգացողություններով, ոմանց էլ ոչ այնքան շատ, բայց միևնույն է՝ հիշում ենք։

Կրթական ցանկացած համակարգում հաջողության բանալին իսկապես ուսուցիչներն են։ Ուսուցիչները ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլ նաև ոգեշնչման և նկրտումների աղբյուր են սովորողների համար և նրանք են ազդում երեխաների սովորելու և փոխհարաբերվելու գործընթացի առանձնահատկությունների վրա»,-շեշտեց Վայգանդը։

Տոնի առթիվ ԵՊՀ-ում անցկացվեց նաև «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում