Հայաստանը դինամիկ զարգացող տեխնոլոգիական հաբ է. Շան Սիա
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դինամիկ զարգացող տեխնոլոգիական հաբ է, որովհետև այս տարվա համաժողովը հյուրընկալելով՝ համաշխարհային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներին ընձեռում է հնարավորություն՝ ուսումնասիրելու արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, ինչպես նաև միավորել փայլուն ուղեղները և խթանել համագործակցությունը, որն առաջիկա տարիներին իմաստալից բարեփոխումներ է խոստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը Երևանում անցկացվող Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT 2024) հայտնեց Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան՝ ողջունելով կազմակերպիչներին և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած պատվիրակներին:
Նա ընդգծեց, որ Հայաստանը տվյալ հարթակի հյուրընկալողն է եղել 2019 թվականին, հետևաբար այդ առումով ունի անհրաժեշտ փորձառություն: Նախքան առաջիկա երեք օրվա աշխատանքներին անդրադառնալը՝ WITSA-ի ղեկավար տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է կազմակերպության ընդհանուր համաժողովը և ինքը պատիվ ունի կազմակերպության նախագահը լինել 2025-26 թվականներին: Շան Սիան ներկայացրեց նաև նորընտիր խորհրդի անդամներին:
«Միջազգային համագործակցության ոգին բնորոշ է այս կոնգրեսին և ամրապնդում է մեր համընդհանուր և համաշխարհային տեխնոլոգիական համակարգը: Այս կոնգրեսի շրջանակում մենք մտնելու ենք արհեստական բանականության ապագայի խորքերը, որովհետև արհեստական բանականությունն առաջատար տեխնոլոգիա լինելով՝ դառնալու է մեր քննարկումների հիմնական թեման: Այն միանշանակ բարեփոխում է հասարակությունները, տնտեսությունները, ուստի քննարկելու ենք նրա բազմակողմանի դերը խոշոր ու կարևոր թեմաների առումով՝ կիբերանվտանգություն, բիզնեսի զարգացում, գլոբալ մարքետինգ և այլն: WITSA-ն հպարտ է ներկայացնել նաև իր գավաթի խաղարկության համաշխարհային ֆինանսավորումը: Գալիք երկուշաբթի օրվանից տարբեր աշխարհամասերի ներկայացուցիչներ պայքարելու են այդ պատվավոր մրցանակի համար»,-ասաց Շան Սիան:
Նա իր գնահատանքը հղեց կառավարություններին՝ որպես թվային տեխնոլոգիաների ասպարեզում արժեքավոր գործընկերներ:
«Մենք քննարկելու ենք արհեստական բանականության համաշխարհային ցանցի հարցը՝ որպես փոխակերպիչ միջազգային նախաձեռնություն, որը փոխկապակցում է վեց մայրցամաքում առկա համագործակցությունը՝ խթանելով նորարարությունը, զարգացումն արհեստական բանականության ոլորտում: Մեր նպատակն է ձևավորել համաշխարհային էկոհամակարգի ցանց, որը կխթանի համագործակցությունը և կապահովի գիտելիքի փոխանակում մասնակիցների միջև: Էկոհամակարգային գլոբալ ցանցը կխթանի արհեստական բանականության կարողությունները՝ նպաստելով հետազոտություններին, տաղանդների զարգացմանը, կուղղորդի քաղաքականությունն ու կապահովի ներդրումներ: Մեր նպատակն է ստեղծել ապակենտրոնացված ցանց, խթանել գիտելիքների գեներացման գործընթացը, տեխնոլոգիաների մեկտեղումն ու ռեսուրսների ներգրավումն ամբողջ աշխարհում: Էկոհամակարգային ցանցը դյուրացնում է արհեստական բանականության տեխնոլոգիաների որդեգրումը, որը միտված է ներառականությանը, կայուն զարգացմանը, ինչպես նաև տնտեսությունների աճին»,-ասաց Շան Սիան:
Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի կոնգրեսում իրենք ներկայացնեն նաև կազմակերպության հայեցակարգային փաստաթուղթը, որն առաջ մղող ուժ է: Փաստաթուղթն առաջադրում է հստակ նպատակներ: Քանի որ արհեստական բանականության տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, ուստի փաստաթուղթը նպատակ ունի շատ հստակ տեսլական ձևավորել այն մասին, թե ինչպես կարելի է օգտվել դրանից և առաջ մղել կայուն զարգացումը: Բանախոսը շեշտեց, որ կառավարություններն այս փաստաթուղթը որակում են որպես ռազմավարական, որում նշված են WITSA-ի հիմնական սկզբունքները, որոնք կոչված են կայուն էկոհամակարգ ստեղծելուն:
Շան Սիան վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: