Չինաստան

Չինական Մեծ Պատի վրա ներկայացվել են հայկական մշակույթը, ապրանքները, արվեստն ու զբոսաշրջային գրավչությունը

2 րոպեի ընթերցում

Չինական Մեծ Պատի վրա ներկայացվել են հայկական մշակույթը, ապրանքները, արվեստն ու զբոսաշրջային գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Մեծ Պատի Մուտիանյու հատվածում օրերս կայացել է հայկական մշակութային օրեր միջոցառման բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայ-չինական գործընկերության կենտրոնի և Չինական Մեծ Պատի Մուտիանյու Զբոսաշրջային ընկերության կողմից, ՉԺՀ -ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Առաջին անգամ հայկական մշակույթը, արվեստը, զբոսաշրջային գրավչությունը և հայկական ապրանքները ներկայացվել են հանրահայտ Չինական Մեծ Պատի տարածքում:

Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, լրատվամիջոցներ, այցելուներ։ Բացման արարողությանը մասնակցել է ՉԺՀ-ում ՀՀ հյուպատոս Միսակ Բալայանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ-չինական գործընկերության կենտրոնից հայտնում են, որ միջոցառման ընթացքում հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացվել են հայկական երգն ու երաժշտությունը, ավանդական հայկական տարազները: Հայաստանի փակ տաղավարում ներկայացված էին հայ գեղանկարիչների ստեղծագործությունները, հայկական հուշանվերներ, գորգարվեստի նմուշներ, հայկական զբոսաշրջային և գինեգործական ընկերությունները, հայկական ապրանքները: Ցուցասրահում ներկայացված է նաև Հայաստանի Կոտայքի մարզի Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաների նկարչական ստեղծագործությունները:

Տոնական այս օրերին Չինական Մեծ պատի այս հատվածում օրական այցելուների թիվը գերազանցում է 50 000-ը: 

Նշվում է, որ Չինաստանում հայկական մշակութային օրերը մեկնարկել են սեպտեմբերի 27-ից և կշարունակվեն մեկ տարի՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում