Իրան

Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելի դաշնակիցներին չօգնել նրան Իրանին հարվածներ հասցնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը:

«Եթե որևէ երկիր աջակցություն ցուցաբերի ագրեսորին, մենք նրան կհամարենք մեղսակից և օրինական թիրախ: Մենք երկրներին խորհուրդ ենք տալիս չներքաշվել իսրայելական վարչակարգի և Իրանի դիմակայության մեջ և հեռու մնալ մարտերից», - հոկտեմբերի 3-ին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունում: 

Մինչ այդ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցությունների հերթական փուլն է անցկացնում՝ քննարկելով, թե ինչպես և երբ պատասխանել Իրանին Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման համար:

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ում Իսրայելի Դեսպան Դենի Դանոնը CNN-ին հայտնել էր, որ իր երկիրն Իրանին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի, և որ Իսրայելը Թեհրանին շուտով ցույց կտա իր ուժը։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում