Ռազմական

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

4 րոպեի ընթերցում

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Սրանով նախարարությունն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին, որոնք գալիս են էլի ավելի նպաստելու մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը»,-ասաց Հայրապետյանը:

Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում՝ օրենքն ընդունվելուց հետո կարգեր մշակելու: «Դրանցից առաջինով մենք մտադիր ենք էլ ավելի կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևակերպումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարությունն ունի շուրջ 4.2 մլրդ դրամի բյուջե, որով խրախուսում է ռազմարդյունաբերողների կողմից գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը, որի հիմքում դրված է նորարարությունը, նորագույն տեխնոլոգիաների խթանումը ռազմարդյունաբերությունը կազմակերպելիս: 

«Այսօր էլ այդ աշխատանքները կատարվում են: Սակայն մի շարք իրավահարաբերություններ՝ պետական կառույցների, ուժային կառույցների, մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Մենք առաջին կարգով մտադիր ենք կանոնակարգել ամբողջ դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու՝ հետագայում դրանք սերիական արտադրության ուղղելու նպատակով»,-ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը, որով կանոնակարգումներ են իրականացվելու, վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: Այս մասով նախարարությունն ունի 1.5 մլրդ դրամի բյուջե: «Սակայն սրա տակ որևէ մեխանիզմ դրված չէ: Առաջարկում ենք մեզ տալ գործիքակազմ՝ մշակելու այդ մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,-ասաց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ խրախուսում են, որ հենց պետական ներդրման միջոցով, ՊՆ-ի պահանջով համապատասխան փորձանմուշները ֆինանսավորվեն նախարարության կողմից:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Վերացվում են արհեստական, բյուրոկրատական խոչընդոտները, որոնք ազդում են պետական փորձարկման ամբողջ գործընթացի վրա: «Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար կառավարության առանձին որոշումների ճանապարհով ենք գնում: Հետայսու մտադիր ենք ԲՏԱ նախարարի և Պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,-ասաց նա:

Չորրորդ՝  հնարավորություն է տրվելու պետական հաստատությանը, որը հիմնական քաղաքականությունը մշակող մարմինն է, հատկապես արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարի արդեն մասնավոր հատվածի ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում