Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

- Պարոն Աթաբեկյան, Լիբանանում վերջին զարգացումների արդյունքում տուժածների շրջանում կա՞ն հայեր կամ ՀՀ քաղաքացիներ։ 

- Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ 

Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով։

- Կա՞ն տարհանման ծրագրեր։

- Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։

Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։

Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։

- Ի՞նչ տեղեկություններ կարող եք տրամադրել լիբանանա-իսրայելական սահմանին  տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին։

- ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։  

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող