Վրաստան

Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կվերանայի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ասում ենք, որ հարաբերությունները (Վրաստանի և ԱՄՆ-ի) այսպես չպետք է շարունակվեն: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք վերանայել գոյություն ունեցող ստատուս քվոն: Սա մեր հստակ դիրքորոշումն է: Ամեն բան կախված է ամերիկյան կողմից», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերություններն սկսել են զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ ԱՄՆ-ի և Արևմուտքի, ռուսական է։ Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է այս ամառ պլանավորված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ 

Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար մասնակից են մարդու իրավունքների խախտմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ն այցագրային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեռնարկատերեր, իրավապահ մարմինների աշխատակիցներ և օրենսդիրներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում