Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար  Սիդարթա Դատտայի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար  Սիդարթա Դատտայի հետ: Նրան ներկայացվել են քաղաքապետարանի առողջապահության վարչության  հիմնական գործառույթները, նպատակները, առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Դավիթ Կարապետյանը նշել է, որ «Առողջ քաղաք» նախաձեռնության բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ կտարվեն:

Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթան նշել է, որ Երևանը, ունենալով զգալի նվաճումներ մարդու պապիլոմա վիրուսի վարակի դեմ պատվաստումային գործընթացում, «Մեկ երկիր, մեկ պատմություն» խորագրով ընդգրկվել է Եվրոպական տարածաշրջանի 53 երկրների շարքում:

Նշվում է, որ քննարկվել են մի շարք այլ հարցեր՝  առողջապահական առաջնային  օղակի զարգացման, շտապբուժօգնության ծառայության արդիականացման, պատվաստումային գործընթացի, թվային առողջապահության համակարգի՝ մասնավորապես, հեռաբժշկության  ներդրման և հետագա համատեղ համագործակցության ուղիներին  վերաբերող:

Հայերեն