Կրթություն

Դեսինում հայ համայնքի ձևավորման 100-ամյակի միջոցառումներ են կազմակերպվելու. Դեսին-Շարպիոյի քաղաքապետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

3 րոպեի ընթերցում

Դեսինում հայ համայնքի ձևավորման 100-ամյակի միջոցառումներ են կազմակերպվելու. Դեսին-Շարպիոյի քաղաքապետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Ֆրանսիայի հետ տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

«Մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որ շարունակաբար զգում ենք բոլոր կարևոր նախաձեռնություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել համատեղ իրականացված ծրագրերին, այդ թվում՝ ԿԳՄՍՆ աջակցությամբ Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում այս տարեսկզբին տեղի ունեցած «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղին, որով տրվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Նախարարի ընդգծմամբ` ակտիվ համագործակցությունն ու միասին գրանցած հաջողությունները նաև նոր ծրագրերի մեկնարկ կարող են դառնալ:

Ըստ աղբյուրի՝ Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այս համատեքստում նա բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի հայ համայնքի դերակատարությունն ու կարևոր նեդրումը քաղաքի զարգացման գործում:

Լորանս Ֆոթրան տեղեկացրել է՝ Հայաստան են ժամանել, մասնավորապես, Ստեփանավան այցի և այդ քաղաքի հետ կրթության, մշակույթի և այլ ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ստեփանավանն ու Լիոնը երկար տարիներ քույր քաղաքների կարգավիճակ ունեն: Դեսինի քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի մարտին Դեսինում մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու՝ նվիրված հայ համայնքի ձևավորման 100-ամյակին:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցությունը՝ մասնավորապես շեշտելով մշակույթի ոլորտում նախանշվող նոր ծրագրերը, որոնք նախատեսված են կինոյի, թատրոնի, անիմացիայի, երաժշտության ու այլ ուղղություններով: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել տարբեր ուղղություններով համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում