Հայաստանի մշակույթն ու զբոսաշրջային հնարավորությունները կներկայացվեն Չինաստանում. կանցկացվեն մշակույթի օրեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային հնարավորություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում տարբեր հարթակներում ներկայացվելու են Չինաստանում։ «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 28-ին և շուրջ մեկ տարի Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են Հայաստանին վերաբերող մի շարք միջոցառումներ։ 

«Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկը տրվելու է «Հայկական ազգային թեմատիկ ամիս» փառատոնային, մշակութային միջոցառմամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ միջոցառումը նախատեսվում է իրականացնել Չինական Մեծ պատի Մուտյանյուի հատվածում, որը կառուցվել է 1404 թվականին, իսկ 1987 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

«Այն համարվում է Չինաստանում ամենաշատ այցելություն ունեցող թոփ 10 զբոսաշրջային վայրերից մեկը։ Հայաստանը մեծ տաղավարով մեկ ամիս ներկայացնելու է մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները։ Այն պարզապես փոքր տաղավար չի լինելու, խոսքը մեծ շինության մասին է, որն ունենալու է փակ և բաց հատվածներ։ Փակ հատվածում կներկայացվեն հայ արվեստագետների, գեղանկարիչների, քանդակագործների, ժողովրդական վարպետների աշխատանքները։ Առանձին շեշտադրվելու են հայկական գինիները, խոհանոցը, զբոսաշրջային հնարավորությունները։ Ասեմ, որ տեղում լինելու են նաև տուրօպերատորներ, որոնք ներկայացնելու են իրենց առաջարկները»,-ասաց Արմեն Մխիթարյանը։ 

Արմեն Մխիթարյանը նկատեց, որ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Չինաստանում նշում են իրենց ազգային տոները։ Դա նշանակում է, որ այդ օրերին կապահովվի այցելուների մեծ թիվ։ 2024 թվականի հուլիսին այդտեղ օրական այցելուների թիվը կազմել է շուրջ 45.000, իսկ ազգային տոների ընթացքում Մեծ Պատ այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճում է մի քանի անգամ:

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացման առումով։ Չինաստանը մեծ շուկա է, և մենք պետք է ամենատարբեր ուղղություններով ակտիվ աշխատենք։ Այնտեղ մեծ ներուժ կա համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։ Ինչպես դեպի Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի ավելացման, այնպես էլ չինական շուկայում մեր ապրանքները ներկայացնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Արմեն Մխիթարյանն՝ ընդգծելով, որ Հայաստանն իր պատմությամբ, մշակութային բարձր արժեքներով, հարուստ խոհանոցով կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել չինացիների շրջանում։ Չինական կողմը նախատեսում է նկարահանել ճանաչողական ֆիլմ՝ պատմելով Չինական Մեծ Պատի միջավայրում ներկայացված հայկական մշակույթի ու արվեստի, երաժիշտների, արվեստագետների, վարպետների, հայկական խոհանոցի, զբոսաշրջային ընկերությունների և հայ արտադրողների մասին։ 

«Հայկական ազգային թեմատիկ ամիս» միջոցառումից զատ  առաջիկա մեկ տարվա ընթացքում մի շարք մշակութային միջոցառումներ են սպասվում Չինաստանում։ Արմեն Մխիթարյանը նշեց, որ երկու տասնյակից ավելի մշակութային կենտրոնների, թանգարանների հետ են համագործակցում։ Առաջիկայում Հայաստանի տարբեր թանգարանների որոշ ցուցանմուշներ առանձին թեմատիկայով կներկայացվեն Չինաստանի թանգարաններում, մի շարք քաղաքներում սպասվում են մշակութային այլ միջոցառումներ, փառատոններ։ 

 

 

Հայերեն English Русский 中文

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը