Մերձավոր Արևելք

Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում սեպտեմբերի 18-ին ռացիաների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լիբանանյան Naharnet պարբերականը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։

Մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Ֆիրաս Աբիադը նաև հայտնել է, որ պայթյունների հետևանքով կա 608 վիրավոր։ Այսպիսով, երկու օրերի ընթացքում սարքերի զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 37-ի, վիրավորվել է շուրջ 3500 մարդ։

Լիբանանի արտգործնախարար Աբդալլա բու Հաբիբը հայտարարել է, որ «Լիբանանի ինքնիշխանության և անվտանգության վրա բացահայտ հարձակումը» վտանգավոր զարգացում է, որը կարող է «ազդարարել ավելի ընդարձակ պատերազմի մասին»: 

Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյուններից տուժածների թվում էր նաև Բեյրութում Իրանի դեսպանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում