Քաղաքականություն

Տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի աջակցությունը շատ զգալի է և կարևոր․ Արարատ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի աջակցությունը շատ զգալի է և կարևոր․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել և բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ ԱԳ նախարարն ուրախությամբ ողջունեց իր ֆրանսիացի գործընկերոջը և վերջինիս գլխավորած պատվիրակությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ բազմիցս առիթ է ունեցել խոսել Հայաստանի և Ֆրանսիայի ջերմ և ամուր գործընկերության մասին։

Արարատ Միրզոյանի բնութագրմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կրում են առանձնահատուկ բնույթ, և դրանց հիմքում ընկած է մի շատ ուժեղ շարժիչ ուժ, որն ամուր բարեկամությունն է երկու ժողովուրդների, երկու երկրների Կառավարությունների միջև։

ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնեց, որ նախօրեին ֆրանսիացի գործընկերոջ հետ միասին առիթ են ունեցել այցելել Վեդիի ջրամբար, որի շինարարությունն արդեն ավարտվում է, և այն շուտով կհանձնվի շահագործման։

«Սա շատ կոնկրետ օրինակ է Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության, բարեկամության, բայց սա մեր օրակարգում եղած ծրագրերից մեկն է միայն, և հուսանք՝ առաջիկայում նոր այդպիսի դրսևորումներ կտեսնենք»,-ասաց Միրզոյանը։

Վերջինս ընդգծեց նաև Ֆրանսիայի ամուր աջակցությունը ժողովրդավարության մակարդակի բարելավման և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործում։ 

«Տեղյակ եք, որ մենք արդեն պաշտոնապես Եվրամիության հետ մեկնարկեցինք վիզաների ազատականացման մասին երկխոսությունն, արդեն եղավ որոշում, որով Հայաստանը կստանա աջակցություն Խաղաղության գործիքի ներքո։ Բոլորդ գիտեք, որ արդեն 2 տարուց ավելի է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մոնիթորինգի է ենթարկվում ԵՄ դիտորդական առաքելութան կողմից»,-նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ այս ամենը եղել է նաև Ֆրանսիայի ամուր աջակցությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային իրադրությանը և կայունությանը՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանը նվիրված է խաղաղության օրակարգին։ Նա հիշեցրեց, որ Երևանը վերջերս Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի հերթական խմբագրական առաջարկները, որում ներառված են բացառապես փոխհամաձայնեցված հոդվածները։

«Ցանկանում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին և Հայաստանին, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին։ Այս ամենի համար ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Բաքվի հետ։

«Համաձայնագիր, որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. մի փաստաթուղթ, որն, ի թիվս այլ բաների, սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք երկու երկրների միջև գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին»,-շեշտեց Արարատ Միրզոյանը։

Վերջինս հավելեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական բազմակողմ գործընկերությանը նաև այլ հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որտեղ երկու երկրները մշտապես միմյանց աջակցություն են ցուցաբերել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում