Հայաստան

Վարչապետը մտահոգիչ է համարում Հայաստանում հանցավորության հետ կապված վիճակագրությունը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը մտահոգիչ է համարում Հայաստանում հանցավորության հետ կապված վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հանցավորության հետ կապված վիճակագրությունը մտահոգիչ է, և պետք է շարունակական պայքար մղվի այդ երևույթի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Վարչապետը նշեց, որ 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով հանկարծամահության բոլոր դեպքերն առանց բացառության արձանագրվում են որպես սպանություն և քրեական գործ է հարուցվում սպանության հատկանիշներով, որի արդյունքում աճել է սպանությունների թիվը։

Անդրադառնալով թմրանյութերի դեմ պայքարին՝ Փաշինյանն անհրաժեշտ համարեց արձանագրել այն, որ թմրանյութերի շրջանառության աճը կապված է տեխնոլոգիաների, այդ թվում՝ «Տելեգրամ» ալիքների օգտագործման մասսայականության հետ, որը ամբողջ աշխարհում խնդիր է։

«Մենք այդ հարցը քննարկել ենք բազմիցս և քննարկել ենք անվտանգության խորհրդում։ Ինչպես իրավաբաններն են ասում, դա լատենտային հանցագործություն է և շատ դժվար է գնահատել դեպքերի աճը լա՞վ է, թե՞ վատ։ Մեծ է հավանականությունը, որ արձանագրումը ցույց է տալիս բացահայտման մեծ ծավալ և մեծ շրջանակ։

Իսկ ընդհանուր առմամբ հանցավորության հետ կապված վիճակագրությունը միշտ էլ մտահոգիչ է, և մենք պետք է շարունակական պայքար մղենք այդ երևույթի դեմ։

Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մենք չենք կարողացել մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում հասնել մի իրավիճակի, երբ հանցագործության մասին հաղորդող անձը չհայտնվի մի այնպիսի շրջապտույտում, որ փոշմանի, որ դիմել է։

Մեծ խնդիր է նաև այն, որ հանցավոր ենթամշակույթը շարունակում է տիրապետող լինել»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում