Կրթություն

Դպրոցում և քոլեջում սովորող 18 տարին լրացած անձինք մինչև ուսումնառության ավարտի օրը օրենքով տարկետում կստանան

2 րոպեի ընթերցում

Դպրոցում և քոլեջում սովորող 18 տարին լրացած անձինք մինչև ուսումնառության ավարտի օրը օրենքով տարկետում կստանան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցներում և քոլեջներում սովորող այն անձինք, որոնց 18 տարին լրացել է, օրենքով տարկետում կստանան մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարը նշեց, որ նախագիծը տեխնիկական փոփոխություն է առաջարկում, բայց հեշտացնելու է քաղաքացիների կյանքը և էապես կրճատելու է պետական մարմինների վարչարարությունը:  

«Մենք հնարավորություն կունենանք դպրոցներում սովորող, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա արհեստագործական ծրագրերով սովորող քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ՝ մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:  Սա թույլ է տալու, որ մեր բազմաթիվ քաղաքացիների տարկետման գործընթացը դառնա ավելի դյուրին, էապես կրճատելու է վարչարարությունը»,-ասաց Անդրեասյանը: 

Նախարարը նշեց՝ հաշվի առնելով, որ գործում է 12-ամյա հանրակրթություն, լինում են իրավիճակներ, երբ քաղաքացին դեռևս սովորում է հանրակրթական հաստատությունում կամ 9-րդ դասարանից հետո՝ քոլեջում, սակայն նրա 18 տարին արդեն լրացել է: Այս պարագայում այդ քաղաքացիներն ունեն տարկետման իրավունք՝ մինչև իրենց ուսումնառության ավարտը: 

«Պարզ է՝ ոչ ոքի դպրոցից չեն տանելու բանակ: Այս հարցը իրավունքի մակարդակով կարգավորված էր, սակայն վարչարարության իմաստով բավականին բարդ էր գործընթացը․ խոսքն ամեն տարի տարկետման համապատասխան որոշումների շրջանառման, ընդունման մասին է: Այս փոփոխությամբ կարողանում ենք ինքնաշխատ եղանակով և  ավելի պարզեցված կարգով մեկ անգամ որոշման նախագծի ընդունմամբ բոլոր նման քաղաքացիներին տարկետում շնորհել»,–ասաց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում