Տնտեսություն

ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառը

5 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու և  7.50 տոկոս սահմանելու որոշմանը, որն ընդունվել է ԿԲ խորհրդի՝ սեպտեմբերի 10-ի նիստում:  

«2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3 տոկոս: 2024 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից: Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում՝ դեռևս պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կպահպանվեն»,-ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության և առևտրի ճյուղերի զգալի աճը: 

Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ 

Ըստ ԿԲ նախագահի՝ միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի որոշակի կայունացմամբ: 

«Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման նպատակով։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատաշուկայի պայմանների հնարավոր թուլացմամբ ուղեկցվող թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,-մանրամասնեց Գալստյանը՝ հավելելով, որ արդյունքում, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազեցումը։ 

Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում