Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որով Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որով Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապահովումը Հայաստանի տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։  

«Ի՞նչն է խանգարում այս գործընթացին: Խանգարում է այն, որ, կարծես, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված  օգտվել մեր կողմից առաջակվող հնարավորություններից: Մասնավորապես, շատ է քննարկվում այն հարցը, թե ինչքանո՞վ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Վերջին շրջանում այս առումով քննարկումներն ակտիվացել են, որոնցում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժերը կամ երրորդ երկրները: Միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Ասվածն ավելի հիմնավոր դարձնելու համար վարչապետը մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետից. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: 

«Ինչպես տեսնում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը Հայաստանի տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար վերապահել է Հայաստանին: Սա բաց հրապարակային տեքստ է և այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անտրամաբանական է, որ ինքնիշխան երկրի տարածքում որևէ այլ երկիր պիտի ապահովի անվտանգություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ առկա չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:    Իսկ ի՞նչ չկա այդ հայտարարության մեջ: Օրինակ՝ չկա, որ Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ եռակողմ հայտարարություն մեջ ընդհանրապես չկա: Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ Հայաստանի իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ: Փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է, մինչդեռ համապատասխան կետը սկսվում է հետևյալ կերպ. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը իններորդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ այդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու մասին է»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում