Իրավունք

Արմավիրի մարզում ինքնաձիգով ոստիկանի սպանած անձը ձերբակալվել է

3 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզում ինքնաձիգով ոստիկանի սպանած անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում սեպտեմբերի 7-ին ինքնաձիգով մեկ ոստիկանի սպանած ու ևս մեկին վիրավորած անձը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

 

«Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։

Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «ՎԱԶ 2107» մեքենայի մեջ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։

Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության, Դատախազության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբեր։

Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղի ունեցածից ժամեր անց՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: 

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում