Հայաստան

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2019 թվականին սեպտեմբերի 7-ը հռչակեց որպես Մաքուր օդի միջազգային օր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այս անվանումն արտացոլում է օդի աղտոտվածության ռիսկերի մասին աճող գլոբալ իրազեկությունը և ընդգծում է օդի որակի բարելավմանն ուղղված շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար:

Շրջակա միջավայրի նախարարությունից նշում են, որ օդի որակը բարելավելու համար անհրաժեշտ է նվազեցնել տրանսպորտային միջոցների արտանետումները. հնարավորության դեպքում ընտրել փոխադրման այլընտրանքային եղանակներ, ինչպիսիք են քայլելը, հեծանիվ վարելը կամ հասարակական տրանսպորտից օգտվելը: 

Օդի որակը բարելավելու համար անհարժեշտ է աջակցել ավելի մաքուր էներգիայի աղբյուրների անցմանը և օգտագործել էներգաարդյունավետ սարքեր, խթանել վերականգնվող էներգիայի տարբերակները և ուսումնասիրել տանը կամ աշխատավայրում էներգիայի սպառումը նվազեցնելու հնարավորությունները, ինչպես նաև մասնակցել ծառատունկի նախաձեռնություններին կամ աջակցել կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են քաղաքային վայրերում կանաչ տարածքների ստեղծման և պահպանման վրա: Ծառերը բնական զտիչներ են՝ կլանում են աղտոտիչները և բարելավում օդի որակը: Կանաչապատման աշխատանքներում ներգրավվելն օգնում է պայքարել օդի աղտոտվածության դեմ՝ միաժամանակ բարձրացնելով մեր շրջապատի գեղեցկությունն ու կենսունակությունը:

«Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրազեկվածության բարձրացումը: Պետք է մաքուր օդի կարևորության մասին անընդհատ խոսել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցների, համայնքային խմբերի, կրթական հաստատությունների միջոցով տեղեկացնել հասարակությանը, կիսվել օդի աղտոտվածության ազդեցության և դրան հետևանքով առողջության հետ կապված ռիսկերի և խնդիրների առաջացման մասին: 

Մաքուր օդ ունենալու գործում շատ կարևոր է նաև համագործակցել  տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների հետ՝ աջակցելով արդյունաբերական արտանետումները նվազեցնելու, թափոնների կառավարման արդյունավետ համակարգերի ներդրմանը և քաղաքային կայուն պլանավորմանը նպաստող նախաձեռնություններին»,-նշված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում