Կրթություն

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ

5 րոպեի ընթերցում

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-իրանական գիտակրթական կապերը ամրապնդելու, իրանագիտության ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բնագավառում լավագույն մասնագետներ պատրաստելուն օժանդակելու նպատակով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է Ֆիրդուսիի անվան դահլիճը, որը վերանորոգել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Պարսիկ նշանավոր բանաստեղծի անվան դահլիճում այսուհետ կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, դասեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի պետական համալսարանը։ 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջույնի խոսքում նշել է, որ վերջին ամիսներին բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, և այս դահլիճի բացումն էլ գործընկերային հարաբերությունների արդյունավետության վկայությունն է:

«Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շատ արագ հանձն առավ այս ծրագրի իրականացումը: Վստահ եմ, որ այս դահլիճում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու՝ նվիրված թե՛ Ֆիրդուսիին, թե՛ հայ-իրանական կապերին, մշակույթին ու պատմությանը։ Այն իր կրթական գործառույթով կարևոր դերակատարում կունենա մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Ողջունում եմ բոլորիս և շնորհավորում այս կարևոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է ԵՊՀ ռեկտորը: 

Անդրադառնալով ակադեմիական համագործակցությանը՝ ԵՊՀ ռեկտորը շեշտել է, որ առկա են լուրջ համագործակցություններ Թեհրանի, Թավրիզի, Ղոմի և բազմաթիվ այլ համալսարանների հետ, իսկ փոխադարձ այցելությունների շնորհիվ հայ-իրանական կապերը կրթության ոլորտում ավելի են ամրապնդվում: 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ շատ ուրախ է ԵՊՀ-ում գտնվելու համար թե՛ որպես ԱԳ նախարարի տեղակալ, թե՛ որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի շրջանավարտ: 

«Կարծում եմ, որ այս դահլիճը կդառնա ևս մեկ ակադեմիական տարածք, որտեղ է՛լ ավելի կամրապնդվեն հայ-իրանական հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են գտնվել, այդ թվում՝ կրթության ու ակադեմիական համագործակցության ոլորտներում: Վստահաբար այս դահլիճն աջակցելու է այն մեծածավալ աշխատանքներին, որոնք կատարում է Իրանագիտության ամբիոնը՝ ի նպաստ Հայաստանի և Իրանի»,- ասաց Կոստանյանը: 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, կարևորելով ԵՊՀ-ի հետ գործակցությունը, ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ է՝ ակադեմիական միջավայրում հանդիպելու։

«Այս իրադարձությունը վերաբերում է երկու երկրների մշակութային, միջբուհական հարաբերություններին: Ակադեմիական ոլորտում մեր համագործակցությունն անքակտելի է: Որքան կարողանանք զարգացնել և ընդլայնել այդ ոլորտներում համագործակցությունը, այնքան կնպաստենք երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Մենք պատրաստակամ ենք ցանկացած առիթն օգտագործելու մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Վստահ ենք, որ այս աշխատանքների արդյունքը կլինի լավ մասնագետների, փորձառու դիվանագետների պատրաստումը»,- կարևորել է դեսպանը:

Ելույթներին հաջորդել է բանաստեղծ Ֆիրդուսիին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ուսանողների մասնակցությամբ: 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում դահլիճի բացումը բնութագրել է որպես հայ-իրանական հարաբերությունների լավագույն արտացոլումներից մեկը։

«Ֆիրդուսին ասել է․ «Կարող է նա, ով գիտուն է»։ Ուստի, այս դահլիճը մի տարածք է, որտեղ գեներացվելու է գիտելիք, և այդ գիտելիքի գեներացման արդյունքում մարդիկ դառնալու են ուժեղ ու կարող՝ մտքով ու գիտելիքով: Այն ես համարում եմ ոչ միայն լսարան, որտեղ անցկացվելու են դասեր, այլ նաև ուղեղի մարզասրահ», - նշել է դեկանը: 

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը և Իրանը հազարամյակների պատմություն ունեցող երկրներ են։ ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն էլ ներկաների համար ասմունքել է Ֆիրդուսիի ստեղծագործություններից։ 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵՊՀ պրոռեկտորները, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում