Մշակույթ

Համագործակցության հուշագիր ՝ ուղղված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության անցկացմանը

5 րոպեի ընթերցում

Համագործակցության հուշագիր ՝ ուղղված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին համագործակցության  հուշագիր՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանում կյանքի կոչելու  նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցությունը կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ: Այն  ստորագրեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց՝ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ ավարտական փուլին են մոտենում: Ըստ նրա՝ ցուցահանդեսի սրահում լինելու է հատուկ պատրաստված ցուցադրական կահույք, հատուկ ձևավորում, գործելու են անվտանգության նոր տեխնիկական համակարգեր, որոնք պատրաստվել են Բրիտանական թանգարանի ստանդարտներին համապատասխան: Պողոսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները Հայաստանում գնալով կդառնան ավանդույթ:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, որը դեռ նախաձեռնության սկզբից մշտապես մեծ վստահությամբ աջակցել է բոլոր աշխատանքներին, մեր անմիջական գործընկերներին և հատկապես գլխավոր հովանավորին՝«Կերոն» զարգացման հիմնադրամին, ինչպես նաև  «Մշակույթի զարգացման» հիմնադրամին, որի դեբյուտային կարևոր նախագիծն է սա՝ մեզ հետ համատեղ: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես Բրիտանական  թանգարանին, որը մեզ վստահել է և շարունակում է մեզ հետ աշխատել»,- նշեց Պողոսյանը։ 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի  խոսքով՝ ցուցահանդեսին Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի հետ կներկայացվի  նաև Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի՝ սկսած հնագույն ժամանակներից, մինչև մեր օրեր: 

Թանգարանի տնօրենն ընդգծեց՝ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին՝ յուրահատուկ և նոր ձևաչափով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց՝ շատ խորհրդանշական է որ ժամանակավոր ցուցադրության բացումը համընկնում է  Հայաստանի անկախության օրվա հետ:

«Շատ եմ կարևորում, որ այս ցուցադրության շրջանակում մենք ունենք նաև շատ լավ համագործակցություն մասնավորի հետ, այսինքն՝ սա նաև պետություն-մասնավոր համագործակցության շատ լավ մոդել է: Վստահ եմ, որ «Կերոն» զարգացման հիմնադրամի  հետ համագործակցությունը հաջող ընթացք կունենա»,- ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց՝ ցուցադրության մարքեթինգային արշավն  իրականացնելու է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի  համար պետական բյուջեից հատկացվել է 16 միլիոն դրամ: Նաև հավելյալ հատկացումներ են լինելու ցուցադրության բացման արարողությունը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով: 

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն ընդգծեց՝ ուրախ է, որ հիմնադրամը այս բացառիկ ցուցադրությունը կյանքի կոչելու  գլխավոր հովանավորն է: 

«Ես հուսով եմ, որ այս վեց ամիսների ընթացքում ցուցադրությանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարության և պատմության թանգարանի  հետ կկարողանանք  իրագործել մի շարք ծրագրեր»,- նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: 

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ այս կարևոր, պատմական և եզակի իրադարձությունը մի շարք բարդություններ և խոչընդոտներ է հաղթահարել: 

«Առաջիկա օրերին կմեկնարկի մարքեթինգային արշավը, որում բոլորի աջակցությունը կկրկնապատկի այն ակնկալիքը, որի համար արված է այսպիսի հսկայական աշխատանք»,- նշեց Ավետիսյանը:

Բանախոսները քաղաքացիներին խորհուրդ տվեցին  ցուցադրության տոմսերը գնել   արդեն իսկ գործող էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգից՝ հերթերի գոյացումից խուսափելու համար: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում