ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ստեֆեն Դոութիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, դրա զարգացմանն ուղղված համատեղ քայլերին:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությանը և դրա բովանդակային հարստացմանը:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում Վահան Կոստանյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը կարճ ժամկետում ստորագրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: