Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը  մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 30-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերին համահունչ տարբեր ոլորտներում գործընկերությունը խորացնելուն ուղղված քայլերին: Այս համատեքստում ընդգծվել է նախարարի այցի ընթացքում Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման կարևորությունը՝ միտված Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության առավել ակտիվացմանը։

Զրուցակիցները մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա, այդ թվում՝ տուրիզմ, սպորտ, և պատրաստակամություն են հայտնել առավելագույնս նպաստել այդ ուղղությամբ համագործակցության հետագա զարգացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև բարձրաստիճան այցերի աճող դինամիկան, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում։

Արարատ Միրզոյանը հավելել է. «Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության հարցերում:»

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում