Կրթություն

Ժաննա Անդրեասյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչների քննարկել է ուսուցիչների թափուր հաստիքների համալրման,  դասավանդման արդյունավետության հարցեր

3 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչների քննարկել է ուսուցիչների թափուր հաստիքների համալրման,  դասավանդման արդյունավետության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 29-ին հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:

««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ԿԳՄՍ նախարարության ինստիտուցիոնալ աջակցությունը հիմնադրամի՝ կրթական ոլորտում գործունեության կայացման և հաջող ընթացքի գործում:  

Կողմերը քննարկել են ՀՀ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման, մասնավորապես՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև նոր մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց 30 կրեդիտի ապահովմամբ հանրակրթական համակարգ ներգրավելու ծրագրին, որը կարող է նպաստել մանկավարժական տեղերի համալրմանը: 

Քննարկվել է նաև դպրոցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի հարցը՝ կարևորելով տնօրենների հետ քննարկումներ իրականացնելու և մասնակցային ձևաչափով դպրոցի գործունեության չափանիշների մշակման աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սերունդ» ծրագրի քառամյա գործունեությանը և արձանագրած արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվա շրջանակում, նախատեսվում է անցկացնել ուսուցչական խորհրդաժողով, որը կլինի փորձի փոխանակման հարթակ, որտեղ կարող է ներկայացվել նաև «Սերունդ» ծրագիրը:

Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում