Աշխարհ

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ աշնանային զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ աշնանային զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա զորավարժությունները, որոնք տեղի կունենան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի զորքերի (Հավաքական ուժերի) հետ նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են հավաքական հիմունքներով կազմակերպության անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն այլ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Անդրեյ Սերդյուկովը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ուզբեկստանի Հանրապետության, ՄԱԿ-ի քարտուղարության, Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչներ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ աշնան ընթացքում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանում («Անխորտակելի եղբայրություն-2024»), Ղրղզստանում («Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024», «Էշելոն-2024») և Տաջիկստանում («Սահման-2024»)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում