Քաղաքականություն

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Գրիգոր Մինասյանը:

Նախարարը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իր հունով առաջ է շարժվում: Պարզապես ամառային շրջանով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը 3 ամիս ոչ այդքան ինտենսիվ էին գումարվում:  

«Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ»,-ասաց Մինասյանը:

Խորհրդի վերջին նիստը եղել է 20 օր առաջ, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին: Քննարկվելու է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հարցը: 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարին։ Խորհուրդը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ և ներկայացնի վարչապետի աշխատակազմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում