Կրթություն

Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է. նախարար

2 րոպեի ընթերցում

Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին:

«Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք: Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվելու է նոր չափորոշիչը, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին: Այսպիսով՝ 12 դասարանից 7-ում կաշխատենք նոր չափորոշչով»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ քանի որ կա նախորդ տարվա փորձը, դպրոցներին ավելի հեշտ կլինի դա իրականացնելը:

Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը: «Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա: Դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ: Եվ սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով իրականացնել իրենց դասապրոցեսը»,-ասաց նա:

Նախարարի վստահեցմամբ՝ նախապատրաստական մնացած բոլոր աշխատանքները ևս իրականացվել են, այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում