Սպորտ

Փարիզում անցկացվող Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի

2 րոպեի ընթերցում

Փարիզում անցկացվող Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։

Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է ունեցել նաև դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը եղել է պարածանրորդ Գրետա Վարդանյանը:

Խաղերի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսը։

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում անցկացվող Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշր նվաճած ներկայացուցիչներ ունի: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում): 

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Սարգիս Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Հաջորդիվ՝ սեպտեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսի Սմբատ Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Գրետա Վարդանյանը: 

2024 թվականի Պարալիմպիկ խաղերում 4400 պարաատլետ կմրցի 20 մարզաձևում։ 11 մրցութային օրերի ընթացքում նրանք կպայքարեն մեդալների 549 հավաքածուի համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում