Իրավունք

Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է «Անվտանգության օր» միջոցառումը

6 րոպեի ընթերցում

Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է «Անվտանգության օր» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը օգոստոսի 28-ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է եղել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության հարցերի նկատմամբ ուշադրությունը բարձրացնելը և երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերի առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում ՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, որոնք առաջանում են վարորդների կողմից երկաթուղային գծանցների հատման կանոնների խախտման դեպքում, նրանց բաժանվել են տեղեկատվական բուկլետներ երկաթուղային գծանցներով անվտանգ անցման կանոնների վերաբերյալ:

««ՀԿԵ» ՓԲԸ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգիչ Սերգեյ Հարությունյանը նշում է, որ  ՀԿԵ-ում ուղևորատար գնացքների երթևեկության արագությունը ներկայումս գերազանցում է 80 կմ/ժ-ը, ինչը մեծացնում է արգելակման հեռավորությունը մինչև 700-800 մետր: Այս հանգամանքը նվազեցնում է լոկոմոտիվի անձնակազմի՝ բախումը կանխելու կարողությունը և էլ ավելի մեծացնում տրանսպորտային միջոցների վարորդների պատասխանատվությունը գծանցներում վթարներ թույլ չտալու համար:

Գծանցներում վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում բոլոր վթարները տեղի են ունենում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների մեղքով, ովքեր անտեսել են ճանապարհային նշանների պահանջները, խախտել են արագության թույլատրելիությունը և թույլ են տվել անուշադրություն: Վարելու ցածր մշակույթի գինը մարդկային կյանքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը, որն իրականացվել է պարեկային ծառայության և ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, հանգեցրել է գծանցներում երթևեկության անվտանգության որոշակի կայունացման: Սակայն, 2024թ. ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցման խնդրի լուծումն ավարտված չէ, բարելավման ներուժը սպառված չէ։ 2024թ. սկզբից ՀԿԵ-ի գծանցներում թույլ է տրվել 6 ՃՏՊ, ինչը համապատասխանում է 2023թ. ցուցանիշին:

Նշվում է, որ «Անվտանգության օր» միջոցառման օրը Մասիս-Էջմիածին հատվածում չկարգավորվող գծանցի վրա տեղի է ունեցել ՃՏՊ՝ Գյումրի-Երևան երթուղին իրականացնող ավտոմեքենայի և էլեկտրագնացքի մասնակցությամբ: «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի արձագանքել մոտեցող գնացքի ձայնային ազդանշաններին և փորձել է դուրս գալ գնացքի դիմաց: Անհայտ պատճառներով ավտոմեքենան կանգ է առել գծանցի վրա, իսկ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, փրկելով իրենց կյանքը, լքել են գծանցի վրա կանգ առած ավտոմեքենան: Չնայած լոկոմոտիվի անձնակազմի կողմից վթարային արգելակման կիրառմանը, բախումն անհնար է եղել կանխել։ Էլեկտրագնացքը մեքենան քարշ է տվել 50 մետր, ավտոմեքենան դուրս է շպրտվել գծի երթևեկելի հատվածից:

«Երջանիկ պատահականությամբ ուղևորների շրջանում, որոնց թվում եղել են ծերեր և երեխաներ, զոհերից հաջողվել է խուսափել: Վթարի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն վնասներ է կրել։ Ուղևորատար գնացքը վնասվել է և 1 ժ 20 ր-ով հետաձգվել է դրա ժամանումը: Դա անհարմարություն է ստեղծել գնացքի ուղևորների և կանգառի հարթակներում գնացքին սպասող ուղևորների համար: Մյուս մեքենաների վարորդները կանգնել են գծանցի վրա՝ սպասելով դրա «բացմանը»։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած պարեկները կազմել եբ համապատասխան փաստաթղթեր՝ վթարի պատճառների հետագա քննության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը պարզելու համար:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամենածանր հետևանքները երթևեկության մասնակիցներին պարտավորեցնում են կառուցողական եզրակացություններ անել իրենց և ուրիշների սխալների կրկնությունը կանխելու վերաբերյալ: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող և դրանով իսկ քաղաքացիների անվտանգությունը վտանգող վարորդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը ոչ թե կարեկից պետք է լինի, ինչպես գույքը (մեքենա) կորցրած քաղաքացիների նկատմամբ, այլ բացասական և անհանդուրժող։

Ոչ օրինապահ վարորդների նկատմամբ հանդուրժողականությունը և երթևեկության անվտանգության հարցերում հանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնում են ողբերգության: «Անվտանգության օր»  ակցիան նպատակ ունի հանրության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ՀՀ քաղաքացիների երթևեկության անվտանգության և անձնական անվտանգության ապահովման վրա»,- հայտնում են ՀԿԵ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում