Մերձավոր Արևելք

Պենտագոնի ղեկավարը կարգադրել է երկու ավիակիր խումբ թողնել Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը կարգադրել է երկու ավիակիր խումբ թողնել Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելքում պահպանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբերի ներկայությունը՝ Իսրայելին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պենտագոնը:

«Նախարարը վերահաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իրեն, և Միացյալ Նահանգների վճռականությունը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանի և նրա տարածաշրջանային պրոքսիների սպառնալիքներից: Որպես այդ աջակցության մի մաս՝ նախարարը կարգադրել է, որ տարածաշրջանում պահպանվի երկու ավիակիր հարվածային խմբերի ներկայությունը», - ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերի տարածած մամուլի տեղեկագրում։

Այս որոշման մասին Օսթինը հայտնել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում։

Կողմերը քննարկել են նաև Իսրայելի պատասխանը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գրոհներին:

Օգոստոսի 25-ին «Հեզբոլլահ»-ը գործողություն է իրականացրել՝ ի պատասխան Բեյրութում Իսրայելի հարվածի հետևանքով շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության։ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան, մեկնաբանելով գործողության մեկնարկը, նշել է, որ շարժման մարտիկները կարողացել են հարված հասցնել Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության «Գլիլոտ» բազային։ Նա նշել է, որ շարժումը գրոհում է միայն ռազմական օբյեկտների վրա, այլ ոչ թե քաղաքացիական։ Նասրալլայի խոսքով՝ օգոստոսի 25-ին իրականացված գրոհի հիմնական թիրախները եղել են հետախուզական ծառայությունների ռազմակայանները և հակաօդային պաշտպանության բազաները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում